Ինքնաբացարկների շուրջ ստեղծված խայտառակ պատմությունը լավագույնս ներկայացնում է Հայաստանի քաղաքական համակարգի չգոյությունը։ Եթե Գագիկ Ծառուկյանը միանձնյա որոշել էր, որ իր խմբակցությունում չպետք է լինեին ինքնաբացարկի դիմում ներկայացրած 23 անձինք, ապա ինչպես է ստացվում, որ երբ նրանք նեղսրտել են այդ լուրից ու միահամուռ ուժերով փնտրել-զանգել են Ծառուկյանին, նա բոլորին անհասանելի է եղել։ Թող պատասխաներ մարդկանց զանգերին ու հստակ ասեր, որ նրանք իր քաղաքական հետագա գործունեության համատեքստից դուրս են։ Ասեր, բացատրեր մարդկանց ու իր համոզմունքներով մինչև վերջ գնար ու իր ուզած խորհրդարանական թիմը ձևավորեր։ Ավա՜ղ, նա չպատասխանեց զանգերին։ Նշանակում է, որ վերջինս իր քայլը բացատրելու ոչ մի խելքը գլխին հիմնավորում չի ունեցել։ Իսկ սա էլ իր հերթին փաստում է, որ այս մարդը քաղաքականության մեջ առաջնորդվում է ոչ սեփական ուղեղով ու որոշումներով։ Ինչ ասել են, դա էլ արել է, գուցե զանգահարողնե՞րը իրենց հարցերի համար ճիշտ հասցեատիրոջը չեն դիմել։
Այս պատմությունից մեկ այլ հետևություն կարելի է անել. եթե քաղաքական ուժի ղեկավարը ի վիճակի չէ սեփական պատկերացումներով, սկզբունքներով, հավակնություններով կառուցել իր քաղաքական ճանապարհը, նպատակները ու նրա փոխարեն այլ մարդիկ են ուղենիշներ սահմանում, արժե՞ մնալ քաղաքականությունում, դառնալ ոմանց ձեռքի խաղալիքը, որոնք երբ ուզեն ու ինչպես ուզեն կարող են նրան խաղից հանել կամ նորից խաղի մեջ դնել։
Սակայն սա ընդամենը նախերգանքն է այն մեծ պատմության, որը սպասվելու է այս դաշինքին խորհրդարանում (թերևս այս ուժին դաշինք որակելն էլ է սխալ, քանի որ ինչ դաշինք, եթե քաղաքական ուժը՝ ՀՀՇ-ն, որ միացել-դաշնակցել էր ԲՀԿ-ին, վերջինիս ղեկավարի որոշմամբ քիչ էր մնում դուրս մնար ԱԺ-ից, սա՞ էր դաշինքի իմաստը)։ Գագիկ Ծառուկյանին ու նրա թիմակիցներին դեռ երկար փորձություն է սպասում՝ դիմակայել մեղադրանքներին, հանրությանը բացատրություն տալ և արդեն իսկ «բզկտված» խմբակցությամբ որևէ քաղաքական խնդիր լուծել։ Էլ չենք խոսում քաղաքական այլ ուժերի, գործիչների այս թեմայով պարբերաբար հիշեցումները։ Հեշտ չի լինելու։
Բայց մի բան հուսադրող ու մխիթարող է Գագիկ Ծառուկյանի համար, նա միակը չէ քաղաքական ասպարեզում, որին թելադրում ու հուշում են ինչպես առաջնորդվել, ում իր կողքը պահել և ում վանել։ Ցավոք, հայաստանյան քաղաքական դաշտում հակառակ երևույթին հազվադեպ կարելի է հանդիպել։ Այնպես որ, Ծառուկյանը միայնակ չէ իր «դժխեմ» բախտում։ ՈՒ մի բան էլ. երևի Գագիկ Ծառուկյանը շատ է սրտին մոտ ընդունել խնամու՝ Հովիկ Աբրահամյանի հայտնի խոսքը. «Քաղաքականությամբ զբաղվելու համար շատ խելք պետք չէ»։ Ահա և հետևանքը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ